Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Ինտեր Մայամիի» հետ ընկերական հանդիպմանը

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի սաուդյան ակումբի և «Ինտեր Մայամիի» ընկերական հանդիպմանը, որի կազմում հանդես է գալիս արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, հայտնում է Goal-ը։

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն MLS-ի ակումբի հետ խաղում խաղադաշտ դուրս չի գա մկանային վնասվածքի պատճառով։ «Ալ-Նասրը» պատրաստ չէ վտանգի ենթարկել 38-ամյա ֆուտբոլիստի առողջությունը և թույլ չի տա նրան դուրս գալ խաղադաշտ։ Հիշեցնենք, որ թիմերի հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ փետրվարի 1-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 22։00-ին։

Ռոնալդուն «Ալ-Նասր» է տեղափոխվել 2022 թվականի վերջին։ Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 խաղի, որոնցում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Մեսսին անցած ամառվանից է հանդես գալիս «Ինտեր Մայամիում»: Նախորդ մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում նոր թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։