Չավին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Այս մասին իսպանացին հայտարարել է Լա Լիգայի 22-րդ տուրի խաղում «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո (3:5)։

«Նախքան ինձ հարցեր տալը, ես կցանկանայի հայտնել, որ հունիսի 30-ին կհեռանամ «Բարսելոնայից»: Սա որոշում է, որը ես կայացրել եմ Ռաֆա Յուստեի հետ միասին: Իրավիճակն արժանի է փոխվելու, ես չեմ կարող շարունակել աշխատել այս ուղղությամբ։ Կարծում եմ, որ ակումբը դինամիկ փոփոխությունների կարիք ունի։

Մենք խաղում ենք մեծ լարվածությամբ։ Ակումբի բարօրության համար ավելի լավ է հեռանամ։ Մնացած հանդիպումներում կանեմ առավելագույնը։ Կարծում եմ՝ այս ամենը կօգնի, որ դինամիկան փոխվի։ Սա այն ուղերձն է, որը ես կցանկանայի փոխանցել»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ:

Չավիի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ 44-ամյա իսպանացին «Բարսելոնայում» աշխատում է 2021 թվականի նոյեմբերից։