Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պնդում է, որ «Լոս Բլանկոսի» ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Ֆլորենտինո Պերեսի, հետ բերի «արքայական» ակումբի նախկին հարձակվող Կարիմ Բենզեմային, ով անցյալ ամառ տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը մոտեցել է Պերեսին՝ 36-ամյա ֆուտբոլիստին մինչև այս մրցաշրջանի ավարտ վարձավճարով պայմանագիր կնքելու նպատակով։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահը թերահավատորեն է վերաբերվում Բենզեմայի վերադարձին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բենզեման դժգոհ է եղել «Ալ-Իթթիհադում» մնալուց և խնդրել է ակումբի ղեկավարությանը ժամանակավորապես բաց թողնել իրեն։ Սակայն սրանից հետո ինքը՝ ֆուտբոլիստը, հայտարարել է, որ նման տեղեկությունը հավաստի չէ։
Բենզեման «Լոս Բլանկոսում» խաղացել է 2009-ից 2023 թվականներին։