«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Ֆուլհեմի» հետ ոչ-ոքին (1-1) և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալը։
«Հիանալի է, և ես շատ ուրախ եմ, որ իսկական գավաթային խաղ էր: Ոչ ոք չէր մտածում, որ մենք հեշտ ժամանակ կունենանք, և այդպես էլ եղավ: «Ֆուլհեմն» արեց ամեն ինչ, և նրանք ամեն ինչ տվեցին խաղադաշտում: Մենք լավ սկսեցինք ոչ միայն գոլի, այլ նաև հենց խաղի շնորհիվ, շատ ճկուն գործեցինք:
Երկրորդ խաղակեսում պետք է խփեինք երկրորդը, իսկ հետո երրորդը։ Այնուամենայնիվ, մրցակիցները գոլ խփեցին, ուստի մեզ համար հեշտ չէր, բայց մենք անհամբեր սպասում ենք «Ուեմբլիում» կայանալիք հանդիպմանը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Լիվերպուլը» եզրափակչում կմրցի «Չելսիի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 25-ին։