«Բավարիան» պատրաստ է վաճառել թիմի պաշտպանին

«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է, որ առաջիկա ամառ անպայման կվաճառի 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսին, պայմանով, որ նա չհրաժարվի իր աշխատավարձը տարեկան 13-14 միլիոն եվրոյի հասցնելու ցանկությունից: Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ առաջիկա ամիսներին «Բավարիան» կվերսկսի կանադացի խաղացողի ներկայացուցիչների հետ բանակցությունները նրա պայմանագրի երկարաձգման շուրջ։ Դևիսի աշխատավարձի ակնկալիքները առանցքային գործոն կլինեն այս բանակցությունների արդյունքների համար։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ակտիվ խոսակցություններ են պտտվում Դևիսով Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։