«Փյունիկը» պայմանագիր է կնքել նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Սոլոմոն Ուդոն «Փյունիկ» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով: Նրա վերջին ակումբը եղել է ղազախական «Կասպիյը»։

Կիսապաշտպանը պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է բելգիական «Էյպեն» ակումբում: Մեր նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանում՝ պաշտպանելով «Արարատի», «Ուլիսի», «Շիրակի», «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» գույները համապատասխանաբար։

Ուդոն ելույթներ է ունեցել նաև Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Ատիրաուում» և «Շախտյորում»:

Ուդոն իր կարիերայի բոլոր տիտղոսները նվաճել է Հայաստանում: Նա երկու անգամ դարձել է երկրի գավաթակիր, նախ «Շիրակի», հետո արդեն՝ «Արարատի»: Մեկ անգամ էլ Սոլոմոնը գյումրեցիների կազմում բարձրացրել է Հայաստանի Սուպերգավաթը։

Սոլոմոն Ուդոն 2020-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն ու հրավեր ստացել ազգային թիմից, որտեղ մասնակցել է 18 հանդիպման: Հայ երկրպագուները հատկապես լավ կհիշեն 28-ամյա ֆուտբոլիստի շքեղ գոլը Խորվաթիայի հետ ընկերական խաղում (1-1)։