Մոհամեդ Սալահը կարող է բաց թողնել «Լիվերպուլի» հաջորդ 8 խաղերը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղից հետո կհեռանա թիմից։ Խաղը կկայանա հունվարի 1-ին։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, խաղից անմիջապես հետո Սալահը կմեկնի Եգիպտոսի ազգային հավաքական, որը պատրաստվում է Աֆրիկայի գավաթի մեկնարկին։ Կհեռանա նաև Վատարու Էնդոն, ով կմիանա Ճապոնիայի հավաքականին Ասիայի գավաթի խաղարկության համար:

Սալահն ու Էնդոն բաց կթողնեն Անգլիայի գավաթի «Արսենալի» դեմ հանդիպումը (հունվարի 7), Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի երկու հանդիպումները «Ֆուլհեմի» հետ (հունվարի 10 և 24), ինչպես նաև Պրեմիեր Լիգայի խաղը «Բորնմութի» հետ (հունվարի 21):

Եթե ​​Եգիպտոսի և Ճապոնիայի հավաքականները դուրս գան փլեյ-օֆֆ և առաջ գնան, ապա բաց թողնված հանդիպումների թիվը կարող է հասնել ութի: «Չելսիի» (հունվարի 31), «Արսենալի» (փետրվարի 4-ին), «Բարնլիի» (փետրվարի 10) և Անգլիայի գավաթի չորրորդ փուլին մասնակցելը, եթե Լիվերպուլը հասնի այնտեղ, ևս հարցական է։