«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի առողջական վիճակի մասին։
«Ռոբբոյին դեռևս պետք է ավելի շատ ժամանակ, ակնհայտորեն դա լուրջ վիրահատություն էր: Նա դեռ պատրաստ չէ թիմային մարզումներին:
Նա կարող է շատ բան անել՝ առանց թեւը ճիշտ օգտագործելու, ինչը լավ է, բայց մյուս կողմից դա ցույց է տալիս, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Իհարկե, կարծում եմ, որ նա շարքից դուրս կմնա ամբողջ հունվար ամիս: Վերականգնումը պետք է աստիճանաբար լինի»,- Կլոպի խոսքը մեջբերում է This is Anfield-ը։
29-ամյա պաշտպանն ուսի վնասվածք էր ստացել հոկտեմբերին Շոտլանդիայի հավաքականի հետ խաղում։ Այս մրցաշրջանում պաշտպանը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է ութ հանդիպում Պրեմիեր Լիգայում և դարձել մեկ գոլի հեղինակ։