Էդին Թերզիչ. «Շատերն ասում էին, որ «Բորուսիան» շանս չունի»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը «Միլանի» հետ խաղից առաջ խոսել է լրագրողների հետ։

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «իշամեղուները» Սան Սիրոյում կխաղան «ռոսոներիների» հետ: Դորտմունդցիները ներկայումս 7 միավորով գլխավորում են իրենց խումբը՝ առաջ անցնելով ՊՍԺ-ից (6), Միլանից (5) և Նյուքասլից (4):

«Սան Սիրոյում տիրող մթնոլորտը ես գիտեմ «Ինտերի» հետ խաղից: Ես գիտեմ, թե ինչ ճնշում կարող է բերել այս մարզադաշտը: Մենք ուրախ ենք այս հիանալի մարզադաշտում խաղալու հնարավորություն ունենալու համար: «Միլանը» շատ լուրջ մրցակից է։ Ինձ տպավորեց այն, թե որքան կարգապահ էր թիմը պաշտպանվում ՊՍԺ-ի դեմ խաղում:

Առաջին տուրից հետո շատերն ասում էին, որ մենք փլեյ-օֆֆ դուրս գալու շանսեր չունենք, բայց հիմա գլխավորում ենք խումբը։ Մեր նպատակը 1/8 եզրափակիչ դուրս գալն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թերզիչը։