Էդեր Միլիտաոն հույս ունի վերականգնվել մինչև մրցաշրջանի ավարտը

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն աշխատում է որքան հնարավոր է շուտ խաղադաշտ վերադառնալու համար:

25-ամյա ֆուտբոլիստը խաչաձեւ կապանների վնասվածք է ստացել Լա Լիգայի առաջին տուրում։ Նրա խաղադաշտ վերադառնալու ստույգ ժամկետները դեռևս հայտնի չեն, սակայն բրազիլացին ակնկալում է մասնակցել ակումբային մրցաշրջանի վերջին հատվածի հանդիպումներին, հայտնում է Diario AS-ը։ Բացի այդ, կենտրոնական պաշտպանը մտադիր է Բրազիլիայի հավաքականի կազմում հանդես գալ Կոպա Ամերիկայում, որը կկայանա 2024 թվականի հունիսից հուլիսը։

Էդեր Միլիտաոն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել «Պորտուից» 2019 թվականին։ Ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 143 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։