Լուիս Դիասի հայրը հայտնել է, որ իր որդին երազում է «Բարսելոնա» տեղափոխվելու մասին

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի հայրը՝ Լուիս Մանուել Դիասը, հայտնել է, որ իր որդին երազում է «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։

«Ճիշտ է, որ Լուիսը «Բարսելոնայի» նվիրված երկրպագու է, և նրա համար երազանք կլիներ միանալ նրանց։ Այժմ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել «Պորտուին» և «Լիվերպուլին» նրան ընդունելու ձևի համար։ Լուիսը շատ համեստ, աշխատասեր և կարգապահ խաղացող է: Նրա՝ «Բարսելոնա» տեղափոխության հարցում ոչ մի խնդիր չի լինի, քանի որ նրանք բարձրակարգ թիմ են, լավագույններից մեկն աշխարհում»,- ասել է ֆուտբոլիստի հայրը Win Sports-ին։

Լուիս Դիասի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մերսիսայդցիների կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։