«Լա Մասիայի» նախկին մարզիչ․ «Գավին շատ փոքր էր, բայց «Բարսելոնան» հավատում էր նրան»

«Լա Մասիայի» նախկին մարզիչ Ֆրանկ Արտիգան, որն այժմ գլխավորում է «Ռոդինան», խոսել է «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդների հետ աշխատելու մասին։

«Գավին, Ֆերմին Լոպեսը, ովքեր գոլ խփեցին Չեմպիոնների Լիգայում, նրանք շատ, շատ փոքր կազմվածքով էին: «Բարսելոնան» չկենտրոնացավ սրա վրա, այլ փորձեց զարգացնել դրանք տեխնիկական ու տակտիկական տեսանկյունից։ Բոլորն ի վերջո մեծանում են: Նման պահերին ուղղակի պետք է համբերատար լինել, պետք է հավատալ խաղացողներին, նրանց տաղանդին։

«Բարսելոնան» հավատում է այս տեսակի խաղացողներին և նրանք հիանալի բաներ են անում գնդակով: Գաղափարը պետք է հիմք ընդունել՝ գլխավորը ոչ թե հաղթանակն է, այլ տաղանդների ձևավորումը։ Իսպանական ակադեմիաներում սա է հիմնական միջավայրը:

Եվ այստեղ, ինչպես շատ այլ վայրերում, ակադեմիաներում էլ կա հաղթելու մտածելակերպ՝ անկախ նրանից լավ ես խաղում, թե վատ։ Ֆուտբոլիստներին սովորեցնում են, որ եթե հաղթեն, ուրեմն բոլորը երջանիկ կլինեն, բայց ակադեմիաների ճանապարհը դա չէ»,- Արտիգայի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։

Գավին «Բարսելոնայի» առաջին թիմում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը 15 հանդիպում է անցկացրել «բլաուգրանայի» կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։