«Էվերթոնը» Պրեմիեր Լիգայում կարող է զրկվել 12 միավորից

Պրեմիեր Լիգան կարող է «Էվերթոնից» 12 միավոր հանել, եթե ապացուցվեն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտումները, հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ այս գործով որոշում պետք է կայացվի այս տարվա վերջին։ Պրեմիեր Լիգան խիստ տույժ է պահանջում՝ հանվում է առավելագույնը 12 միավոր։ Նման պատիժը «Էվերթոնին» կդնի անկման վտանգի տակ: Ակումբին սպառնում է նաև տուգանք և որոշակի ժամկետով տրանսֆերների արգելք։

«Էվերթոնի» գործը ներկայումս քննարկվում է անկախ հանձնաժողովի կողմից: Նշվում է, որ թիմը կրել է 304 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսական վնասներ, ինչը զգալիորեն գերազանցում է Պրեմիեր Լիգայի սահմանած 105 միլիոն ֆունտ ստեռլինգը:

Մարտին հայտնի դարձավ, որ Պրեմիեր Լիգան «Էվերթոնին» կասկածում է ֆինանսական խախտումների մեջ։ Շահութաբերության և կայուն զարգացման կանոնների հնարավոր խախտումները վերաբերում են 2021/22 մրցաշրջանին։

Նշենք, որ 9 տուրից հետո «Էվերթոնը» 7 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։