Զլատան Իբրահիմովիչ. ««Բարսելոնա» տեղափոխվելն այն ժամանակ բոլորի երազանքն էր»

Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է «Բարսելոնա» տեղափոխվելու հիշողություններով:

««Բարսելոնա» տեղափոխվելն այն ժամանակ բոլորի երազանքն էր: Առաջին վեց ամիսը լավ անցավ, հետո տրամադրությունս ու մտքերս փոխվեցին։ «Բարսայում» դժվար ժամանակներ էի ապրում, մարզիչը ցանկանում էր ամեն գնով վաճառել ինձ: Մենք խաղացինք «Միլանի» հետ, և Ռոնալդինյոն ինձ ասաց.

«Արի մեզ հետ խաղից հետո»: Գալիանին եկավ իմ տուն՝ ինձ համոզելու։ Ես լավ հարաբերություններ ունեի Բեռլուսկոնիի հետ, նա ինձ կրկին ժպտալու հնարավորություն տվեց»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչն անցած մրցաշրջանի վերջում հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Շվեդը խաղացել է «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Լոս Անջելես Գելեքսիում» և «Միլանում»: