«Բարսելոնայից» պատասխանել են Լիոնել Մեսսիի վերադարձի մասին լուրերին

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն պատասխանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերին։

«Մեսսիի վերադա՞րձը։ Մենք ցանկանում ենք պատվի արժանացնել նրան: Նա արժանի է դրան, և մենք անհամբեր սպասում ենք, որ դա իրականանա: Մնացած ամեն ինչ պարզապես ենթադրություններ են, որոնց մասին մենք չենք խոսի»,- Ռոմեուի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Լիոնել Մեսսին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց «Ինտեր Մայամի» ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբեր: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։