Էդուարդ Սպերցյան․ ««Կրասնոդարը» չեմպիոնական բնավորություն դրսևորեց»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարծում է, որ իր թիմը չեմպիոնական բնավորություն է դրսևորել ՌՊԼ-ի 11-րդ տուրի «Ռոստովի» հետ խաղում (3:2): «Ցլերը» հաղթական գոլը խփեցին վերջին րոպեներին։ Առաջին խաղակեսից հետո կրասնոդարցիները պարտվում էին 0:2 հաշվով։

«Նախ ուզում եմ ասել, որ անհնար է խաղալ այնպես, ինչպես մենք խաղացինք առաջին խաղակեսում։ Գիտեինք, որ «Ռոստովը» շատ լավ թիմ է, նրանք ցածր խաղացին և լավ հանդես եկան։ Առաջին խաղակեսում մենք ընդհանրապես լավ չգործեցինք: Ի՞նչ արեցինք երկրորդ խաղակեսում։ Չգիտեմ ինչ ասեմ, զգացմունքները ճնշող են։ Շնորհակալություն երկրպագուներին, ովքեր 90 րոպե աջակցել են մեզ։ Անցած մրցաշրջանում հակառակն էր, հիմա մենք վերականգնվել ենք:

Ընդմիջմանը Իվիչից բոցաշունչ ելույթ չեղավ, նա ուղղակի մեզ հանգստացրեց։ Մարզիչը մեզ հուշեց, թե ինչy մենք լավ չենք անում և ինչն է պետք բարելավել: Մենք փորձեցինք դա անել երկրորդ խաղակեսում: Կարևոր էր շուտ գոլ խփել և վերադառնալ: 2:0 հաշիվը ֆուտբոլում սայթաքուն հաշիվ է։ Լավ է, որ այսպես եղավ։

Կարելի է ասել, որ «Կրասնոդարը» չեմպիոնական բնավորություն դրսևորեց։ Այս մասին, իհարկե, վաղ է խոսել, բայց սա այն է, ինչի վրա կառուցված է չեմպիոնական խաղն ու վերաբերմունքը»,- նշել է Սպերցյանը Match TV-ի եթերում։

«Կրասնոդարը» զբաղեցնում է առաջին տեղը ռուսական Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Իվիչի թիմը 11 տուրից հետո վաստակել է 27 միավոր և մոտակա մրցակցին՝ «Կռիլյա Սովետովին» գերազանցում է վեց միավորով։