Մաուրիսիո Պոչետինո․ «Ինձ դուր է գալիս, որ ակումբի սեփականատերերը մտնում են հանդերձարան»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ իրեն դուր է գալիս, երբ տնային հանդիպումներից հետո ակումբի սեփականատերերը մտնում են հանդերձարան։

«Սեփականատիրոջ գործը չէ մտնել հանդերձարան և խաղից հետո ելույթ ունենալ՝ անկախ նրանից՝ հաղթում ես, թե պարտվում։ Բայց նրանք շատ լավ գիտեն, թե ինչպես պետք է իրենց պահեն։ Այն, թե ինչպես են նրանք մոտենում ֆուտբոլիստներին, ամենակարևորն է: Եթե ​​իրենց լավ ու ճիշտ են պահում, ուրեմն շատ ողջունելի են։

Սրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ինձ համար միշտ հիանալի է, եթե նրանք մեզ հետ կիսեն իրենց զգացմունքները, իսկ հետո ողջունեն ֆուտբոլիստներին: Նրանք ակումբի սեփականատերն են, ուստի կարծում եմ, որ նրանք կարող են անել այն, ինչ ցանկանում են»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Այս պահին «Չելսին» Անգլիայի Պրեմիեր Լիգայի վեց տուրից միայն մեկ հաղթանակ է տարել։ Մաուրիսիոյի թիմը հինգ միավորով 14-րդ տեղում է։ Միայն այս ամառ «Չելսին» 462 միլիոն եվրո է ծախսել նոր տրանսֆերների վրա: