Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անդրադարձել է «Արքայական ակումբի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի առողջական վիճակին.
«Վինիսուսը մի քանի շաբաթ բաց թողեց, չունի խաղային պրակտիկա, սակայն հիմա լիովին ապաքինվել է։ Նա կընդգրկվի թիմի հայտացուցակում, սակայն հնարավոր է մեկնարկային կազմից դուրս մնա: Ինձ համար դժվար է առաջատար ֆուտբոլիստներին թողնել պահեստայինների նստարանին, մրցակցությունը կիսապաշտպանությունում շատ բարձր է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Twitter-ում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը վնասվածք էր ստացել Լա Լիգայի 3-րդ տուրի՝ «Սելտայի» (1:0) հետ խաղում:
Տեղեկացնենք նաև, որ կիրակի օրը «Ռեալը» մադրիդյան դերբիի շրջանակում մրցելու է «Ատլետիկոյի» հետ: Թիմերի միջև հանդիպումը կկայանա «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: