Ալեխանդրո «Պապու» Գոմեսը մտածում է ավարտել ֆուտբոլային կարիերան

35-ամյա արգենտինացի հարձակվող Ալեխանդրո «Պապու» Գոմեսը, ով այս պահին ազատ գործակալի կարգավիճակում է, մտածում է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։

«Ես լավ առաջարկի եմ սպասում։ Եթե ​​դա տեղի չունենա, ապա ես կմտածեմ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ Ես ամբողջ ուժերս տվեցի ֆուտբոլին: Ես չեմ ուզում հեռանալ տխուր նոտայով»,- Գոմեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին իսպանական «Սևիլիան» հայտարարեց Գոմեսի հետ պայմանագիրը խզելու մասին։ Արգենտինացու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Ընդհանուր առմամբ, Գոմեսը բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրել է 90 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ալեխանդրո «Պապու» Գոմեսը 2022 թվականին Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ Աշխարհի չեմպիոն, իսկ այս տարվա մայիսին «Սևիլիայի» հետ նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը։