Սերխիո Ագուերո․ ««Մանչեսթեր Սիթին» դեռ երկար տարիներ կլինի Պրեմիեր Լիգայի ֆավորիտ»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ «Սիթին» դեռ երկար ժամանակ կլինի Պրեմիեր Լիգայի գլխավոր ֆավորիտը։

«Կարծում եմ՝ «Սիթին» դեռ երկար տարիներ կլինի ֆավորիտ, սա է իրականությունը։ Նրանք երկարաժամկետ պայմանագրերով շատ լավ ֆուտբոլիստներ ունեն: Եվ ճշմարտությունն այն է, որ, այո՛, նրանք միշտ ֆավորիտ են:

Բայց վերջիվերջո, երբեմն ֆուտբոլում ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես ուզում ես, բայց ես կարծում եմ, որ Խոսեպն այդ առումով շատ խելացի է: Նա շատ լավ մոտիվատոր է, նա այնպես է անում, որ ֆուտբոլիստները չկորցնեն կենտրոնացումը, իսկ դա հատկապես վերաբերում է Հոլանդին։

Կարծում եմ՝ Գվարդիոլային դուր է գալիս Հոլանդի ոճը, և նա տիրապետում է այն խաղաոճին, որը Խոսեպը մշակել է հատուկ նրա համար։ Նա պարզապես պետք է ավարտի գրոհները, և ես կարծում եմ, որ Հոլանդը շատ բան է բերում «Սիթիին»: Հուսանք, որ նա այսպես կշարունակի, քանի որ դա հեշտ չէ:

Իսկապես, տարեցտարի դժվար է մնալ բարձր մակարդակի վրա։ Բայց ես կարծում եմ, որ քանի դեռ Գվարդիոլան մնում է գլխավոր մարզիչ, նրանք կմնան բարձր մակարդակի վրա, և ամեն ինչ կախված է Հոլանդից։ Ամեն ինչ կախված է երկուսից»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Stake-ը: