Անգլիայի հավաքականը 600-րդ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում։ Սա ռեկորդ է եվրոպական հավաքականների մեջ, հայտնում է Opta Sport-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին ընկերական հանդիպում է տեղի ունեցել, որում հանդիպել են Շոտլանդիայի եւ Անգլիայի հավաքականները։ Խաղը տեղի է ունեցել Գլազգոյի (Շոտլանդիա) «Համպդեն Պարկ» մարզադաշտում։ Հանդիպումը սպասարկում էր մրցավարական թիմը՝ Դավիդե Մասսայի (Իտալիա) գլխավորությամբ: Անգլիան 1։3 հաշվով հաղթանակի հասավ։
Հանդիպման 32-րդ րոպեին Անգլիայի հավաքականի հարձակվող Ֆիլ Ֆոդենը Կայլ Ուոքերի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ Ջուդ Բելինգհեմը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում Հարի Մագուայրի ինքնագոլը թույլ տվեց շոտլանդացիներին մեկ գնդակ հետ բերել, սակայն 81-րդ րոպեին Հարի Քեյնը սահմանեց վերջնական հաշիվը։