Դանի Կարվախալ․ «Մենք չենք ուզում Ջուդ Բելինգհեմին շատ աստվածացնել»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը կարծիք է հայտնել թիմի նորեկ Ջուդ Բելինգհեմի մասին։

Լա Լիգայի 4 մեկնարկային տուրերում 20-ամյա անգլիացին դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Մենք չենք ուզում նրան շատ աստվածացնել, քանի որ նշաձողը արդեն շատ բարձր է դրված: Առաջին իսկ օրվանից, երբ նա սկսեց մարզվել մեզ հետ, մենք՝ վետերաններս, նայեցինք միմյանց և ասացինք. «Նա գիտի, թե ինչ է անում»:

Նա շատ արագ է, ունի խելահեղ տեխնիկա, նա շատ ամբողջական ֆուտբոլիստ է, գիտի, թե ինչպես ավարտել գրոհները։ Երեք շաբաթ հետո նա հասկացավ բոլորի խաղը՝ միայն կողքից նայելով։ Նա շատ խելացի ֆուտբոլիստ է»,- ասել է Կարվախալը «Universo Valdano»-ին: