«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կցանկանար, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին վերադառնա կատալոնական ակումբ։
«Մեսսիի վերադարձը, անշուշտ, մեծ առավելություն կլինի մեզ համար: Միգուցե նա մի օր կվերադառնա մեկ այլ դերում։ «Բարսելոնան» նրա ակումբն է և միշտ կարևոր տեղ կունենա նրա կյանքում։ Այստեղ շատերը դեռևս կապ են պահպանում նրա հետ։ Որոշ խաղացողներ, որոնց հետ նա շատ մտերիմ էր, այժմ նրա հետ են Մայամիում»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
36-ամյա Մեսսին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ։ Նա ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Մեսսին «Ինտեր Մայամիի» հետ արդեն նվաճել է Լիգայի գավաթը։
Արգենտինացին «Բարսելոնայում» խաղացել է 2003-ից 2021 թվականներին։