Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարել է, որ երկու անգամ խորհուրդ է տվել պաշտպան Քայլ Ուոքերին չհեռանալ ազգային հավաքականից 2022 թվականի աշխարհի առաջնությունից և Եվրո 2020-ից հետո։
«Ես նրան երկու անգամ ասացի, որ չհեռանա միջազգային ֆուտբոլից՝ Եվրոյից և աշխարհի առաջնությունից հետո: Կարծում եմ՝ նրան դուր է գալիս այստեղ լինելը։ Եթե խոսքը մեր թիմում նրա դիրքում գտնվող համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների մասին է, ապա նա, հավանաբար, նրանցից մեկն է։ Չեմ կարծում, որ նա գիտակցում էր, թե որքան ենք մենք գնահատում իրեն և որքան կարևոր է նա մեզ համար։ Նա, հավանաբար, ինձ շնորհակալություն չի հայտնի այս մասին կիսվելու համար»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Հիշեցնենք, որ 33-ամյա պաշտպանն Անգլիայում իր նորամուտը նշել է 2011 թվականին Դանիայի դեմ խաղում: Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 77 հանդիպում, դարձել մեկ գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։