Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 11-ին Երևանում կմրցի Խորվաթիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Ալեքսանդր Պետրակովը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Հարոյանը կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար, նա թիմի ավագն է։ Երեկ միասին ընթրեցինք ու տուն ուղարկեցի նրան։ Բայց նա թիմի հետ է, այսօր ևս մարզվելու է մեզ հետ։
Վաղը կտեսնեք, թե ով կլինի հավաքականի ավագը։ Նախկինում հավաքականում այլ կանոն էր․ ավագ էր լինում նա, ով ամենից շատ հանդիպումներ էր անցկացրել, առաջարկեցի փոխել այդ կանոնը, ինձ հետ համաձայնեցին։ Իսկ թե ով կլինի ավագը, վաղը կտեսնեք։
Ինչ վերաբերում է Բիչախչյանին, ապա ձեռքի խնդիր ունի, եթե այսօրվա մարզումից հետո հասկանանք, որ պատրաստ է խաղալ, վաղը դուրս կգա խաղադաշտ։
Ֆուտբոլիստների լայն ընտրություն չունենք։ Դժվար է անգամ փոփոխություն կատարելը։ Բայց գիտեք հիմա այնպես է, որ ֆուտբոլիստներն իրենք են խնդրում գալ Հայաստանի հավաքական։
Մենք 4 խաղ ենք անցկացրել։ Թուրքիայի դեմ խաղից առաջ տղաներին ասել եմ, որ 5 եզրափակիչ է մեզ սպասվում։ Թուրքիայի դեմ եզրափակիչն անցանք։ Հիմա հերթը Խորվաթիայի դեմ եզրափակիչն է։ Ինձ դուր է գալիս այն ,թե տղաներն ինչպես են վերաբերվում իրենց գործին», – նշել է Ալեքսանդր Պետրակովը։