«Փյունիկը» պայմանագիր է կնքել 29-ամյա բրազիլացի վինգեր Գուստավո Մարմենտինիի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա վինգերը հեղինակավոր բրազիլական ակումբի` «Աթլետիկո Պարանեսեի» սան է: Մարմենտինին Բրազիլիայի Բ սերիայում անցկացրել է 15 խաղ` դարձել երկուական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Գուստավոն հնդկական Սուպերլիգայում ու ԱՄԷ-ում ելույթներից հետո տեղափոխվել է Հայաստան ու երկու մրցաշրջան ելույթ ունեցել «Ալաշկերտի» կազմում: Մարմենտինին 56 խաղ է անցկացրել «Ալաշկերտում»` դարձել 17 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ` նվաճելով նաև Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը: Մարմենտինին «Ալաշկերտում» խաղացել է մեր ներկայիս կազմի ֆուտբոլիստներից մի քանիսի հետ, ինչպես նաև հանդես եկել Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:
Հայաստանում արդյունավետ ելույթներից հետո Գուստավոն դարձել է իսրայելական «Հապոելի» ֆուտբոլիստ, իսկ հաջորդ մրցաշրջանում համալրել տեղական ամենատիտղոսակիր ակումբներից մեկի` «Հապոել Բեր Շևայի» շարքերը, որի հետ 2021/22 մրցաշրջանում դարձել է երկրի գավաթակիր: Մարմենտինին Իսրայելի Պրեմիեր լիգայում 55 խաղի է մասնակցել ու իր անվան դիմաց գրանցել 9 գոլ ու 8 գոլային փոխանցում:
Մարմենտինին «Փյունիկում» հանդես կգա 17 համարի մարզաշապիկով։