Հարձակվող Սերդար Ազմունը «Բայերից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»:
Վարձակալության պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը և ներառում է գնման տարբերակ:
Հռոմեական ակումբում 28-ամյա իրանցի ֆուտբոլիստը հանդես կգա 17-րդ համարի ներքո։
«Դժվար է նկարագրել այն էմոցիաները, որոնք ես զգում եմ։ Ես տեղափոխվում եմ միջազգային ասպարեզի ամենահեղինակավոր ակումբներից մեկը և «Ռոմայի» մարզաշապիկով տիտղոս նվաճելը իմ երազանքն է: Անցյալ տարի ես հնարավորություն ունեցա խաղադաշտ դուրս գալ «Ստադիո Օլիմպիկոյում», և կարող եմ ասել, որ իմ ողջ կարիերայի ընթացքում ես երբեք չեմ տեսել նման կրքոտ երկրպագուներ, և հիմա չեմ համբերում, թե երբ կսկսեմ պայքարել նրանց և այն նպատակների համար, որոնք մենք ունենք»,- ասել է «Զենիթի» նախկին հարձակվողը։