Լիոնել Մեսսի․ «Ես չէի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծում է, որ իր տեղափոխությունը ՄԼՍ ակումբ տարբերվում է «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունից։

«Ես չէի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։ Ինչպես նախկինում ասացի, Փարիզ մեկնելն այն չէր, ինչ ուզում էի: Ամեն ինչ տեղի ունեցավ մեկ գիշերվա ընթացքում: Դժվար էր, բայց, բարեբախտաբար, շատ տարբեր է այն ամենից, ինչ հիմա կատարվում է ինձ հետ Մայամիում»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Canal +-ը։

36-ամյա արգենտինացին «Բարսելոնայում» հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին: Իսպանական ակումբի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, խփել 672 գոլ և կատարել 303 գոլային փոխանցում։ Նա ստիպված է եղել լքել ակումբը պայմանագրի հետ կապված բարդությունների պատճառով։ 2021 թվականի ամռանը Մեսսին տեղափոխվեց ՊՍԺ, որտեղ անցկացրեց երկու տարի։