ՊՍԺ-ն համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի շուրջ, հայտնում է Goal.com-ը։ 24-ամյա ֆրանսիացին առաջիկա ժամերին երկարաժամկետ պայմանագիր կստորագրի։
Նշվում է, որ փարիզցիները համաձայնել են զիջումների գնալ, որպեսզի կապիտալիզացնեն ֆուտբոլիստի տրանսֆերը, այլ ոչ թե հաջորդ ամառ անվճար կորցնեն նրան։ Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Նախկինում հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ հարձակվողը այլևս չի կարողանա ակտիվացնել ակումբի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելու տարբերակը, քանի որ վերջնաժամկետը լրացել է հուլիսի 31-ին։
Մբապպեն ՊՍԺ-ում է 2017 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 180 միլիոն եվրո։