«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան ավարտել է ֆուտբոլային կարիերան

«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան: Այս մասին 37-ամյա կիսապաշտպանը հայտնել է իր Twitter-ում։

Սիլվան այս որոշումը կայացրել է խաչաձեւ կապանների ծանր վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր մինչմրցաշրջանային մարզումների ժամանակ։ Հիշեցնենք, որ մայիսի վերջին «Ռեալ Սոսյեդադը» հայտարարեց իսպանացու հետ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին։ Կիսապաշտպանը ներկայիս ակումբում հանդես է եկել երեք տարի՝ 2020 թվականից։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Իր կարիերայի ընթացքում Սիլվան չորս անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, ինչպես նաև նվաճել է Անգլիայի բոլոր գավաթները։ «Վալենսիայի» և «Ռեալ Սոսյեդադի» կազմում նա մեկ անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը։ Իսպանիայի հավաքականի կազմում Դավիդը անցկացրել է 125 հանդիպում, որոնցում խփել է 35 գոլ։ Ֆուրիա Ռոխայի հետ Սիլվան երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, մեկ անգամ՝ աշխարհի չեմպիոն։