Խորեն Բայրամյան․ «Հենրիխ Մխիթարյանը հիանալի մարդ է, նրանից կարելի է ամեն ինչ սովորել»

«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում պատմել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Էդուարդ Սպերցյանի մասին։

– Մխիթարյանի` ազգային հավաքականից հեռանալուց հետո լրացուցիչ պատասխանատվություն զգո՞ւմ եք:
-Ես շատ եմ կարոտում Հենրիխին։ Նա հիանալի մարդ է, նրանից կարելի է ամեն ինչ սովորել՝ թե՛ մարդկային, թե՛ ֆուտբոլային առումներով։ Հիմա ես, ինչպես հավաքականի մյուս փորձառու ֆուտբոլիստները, մեծ պատասխանատվություն ունեմ։

– Մխիթարյանի հետ Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո շփվե՞լ եք:
– Մենք անընդհատ կապի մեջ ենք։ Ես նրան գրել եմ կիսաեզրափակիչ խաղերից առաջ և հետո՝ նաև «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ, հաջողություն եմ մաղթել նրան։ Եզրափակչից հետո չգրեցի։ Ամեն դեպքում պարտվել էին, անհարմար էր:

– Պատմություն, որը լավագույնս բնութագրում է Հենրիխին որպես անձ:
– Չնայած այն հանգամանքին, որ Հենրիխն այլևս հավաքականում չէ, նա պարբերաբար գրում է բոլոր ֆուտբոլիստներին, պարզում, թե ինչպես են ընթանում գործերը։ Մեզ ավելի շատ ուշադրություն է դարձնում, քան մենք՝ նրան:

Արձակուրդին ես ստիպված էի գործերով Միլան թռչել։ Նոր էի ժամանել ու Հենրիխն ինձ գրեց. «Բարև: Ինչպե՞ս ես»: Պատասխանում եմ՝ «Հենրիխ, չես հավատա, ես հենց նոր ժամանեցի Միլան»: Նա, չնայած իր զբաղված գրաֆիկին ու այլ գործերին, եկավ իմ հետևից ու տարավ ինձ ճաշելու:

Միլանում շատ ռեստորաններ բացվում են 19:30-ին` հենց ճաշի համար: Մենք մի քիչ շուտ հասանք, ինչ-որ տեղ կայանեցինք և որոշեցինք սպասել մինչև մեր ռեստորանը բացվի. մենք նստեցինք սովորական ճաշարանում թեյ խմելու։ Հենց այս պարզությունն է լավագույնս խոսում Հենրիխի մասին:

– Սպերցյանն ու Մխիթարյանն այնքան էլ երկար ժամանակ չանցկացրին հավաքականում: Ինչպիսի՞ն էին նրանց հարաբերությունները:
– Էդիկը մեծ հարգանքով է վերաբերվում Հենրիխին։ Երբ Սպերցյանը առաջին անգամ եկավ հավաքական, իմ և մյուս տղաների ներկայությամբ հեշտությամբ քաղցրավենիք էր ուտում։ Հենրիխն այդ հավաքին հասավ մի փոքր ուշ, քան մյուսները։ Եվ Հենրիխի հետ առաջին ընթրիքի ժամանակ Սպերցյանն իրեն մեկ ափսե աղցան լցրեց: Մենք բոլորս ծիծաղեցինք. նա երբեք աղցան չէր ուտում, բայց այստեղ՝ Հենրիխի հետ, որոշեց աղցան վերցնել (ծիծաղում է):