Պաշտոնական. Տեյանի Ռեյնդերսը տեղափոխվել է «Միլան»

«ԱԶ Ալկմարի» կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը տեղափոխվել է «Միլան»: Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր (մինչև 2028 թվականի հունիսի վերջը)։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 20 մլն եվրո (կլինեն նաև հավելյալ բոնուսներ)։ Իր նոր թիմում կիսապաշտպանը հանդես կգա 14-րդ համարի ներքո։

2022/2023 մրցաշրջանում Ռեյնդերսը «ԱԶ Ալկմարում» անցկացրել է 54 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Այս տարվա մայիսի 29-ին կիսապաշտպանն առաջին անգամ հրավիրվեց Հոլանդիայի հավաքական։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 14 միլիոն եվրո: