Նասեր Ալ-Խելաիֆի․ «Նա, ով չի ցանկանում խաղալ ՊՍԺ-ում, պետք է հեռանա»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հանդիպել է փարիզյան թիմի ֆուտբոլիստներին, ովքեր մարզվում են Լուիս Էնրիկեի գլխավորությամբ։ Նա նրանց առջեւ 15 րոպեանոց ելույթ է ունեցել, որտեղ առաջարկել է հեռանալ փարիզցիների կազմում խաղալ չցանկացողներին։

«Ոչ ոք չի կարող ավելի բարձր լինել, քան ակումբը, նույնիսկ ես, և նա, ով չի ցանկանում խաղալ այս մարզաշապիկի համար, չպետք է լինի այստեղ, նա պետք է հեռանա: Ակումբը Պուասիում կառուցել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների զարգացման հաստատությունները, ուստի դրա համար ոչ մի արդարացում չկա: Պետք է կենտրոնանանք խաղի վրա, իսկ հետո արդյունքները կգան, մենք կկարողանանք հիանալի ֆուտբոլ խաղալ։ Դուք պետք է փոխադարձաբար փոխհատուցեք երկրպագուների և ակումբի աջակցությունը»,- իր կայքում Ալ-Խելաիֆիին մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։

ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն դեռ նոր պայմանագիր չի կնքել ակումբի հետ։ Գործող պայմանագրով նա պետք է եւս մեկ մրցաշրջան հանդես գա փարիզցիների կազմում, սակայն հետո կկարողանա հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով։