«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա պաշտպան Քայլ Ուոքերը համաձայնել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», սակայն ցանկանում է նախ խոսել «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ հնարավոր տեղափոխությունից առաջ, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Գվարդիոլայի հետ զրույցը կարող է առանցքային բաղադրիչ լինել մինչև ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ վերջնական որոշումը: Չնայած Ուոքերն արդեն համաձայնել է մյունխենյան ակումբ տեղափոխվելու համար, այնուամենայնիվ, կան որոշ մանրամասներ, որոնք պետք է մշակվեն: Ակումբները նույնպես դեռ լիարժեք համաձայնության չեն եկել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։
2022/23 մրցաշրջանում Ուոքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 13 միլիոն եվրո: