Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել «Ռոմա»։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը՝ 30-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբի հետ պայմանավորվել է չորս տարվա պայմանագրի շուրջ։ Իսպանացին տարեկան կվաստակի 4,5 միլիոն եվրո, նա կարող է ևս 500 հազար ստանալ որպես բոնուս։
Մոտ օրերս «Ռոմայի» ղեկավարությունը կկապվի «Ատլետիկոյի» հետ և կքննարկի տրանսֆերի մանրամասները։ Մորատան լավ հարաբերությունների մեջ է հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մորատայի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։
Հարձակվողը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։