Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիային

Անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիային և արդեն առաջարկ է արել իտալական ակումբին 95 միլիոն եվրոյի չափով, հայտնում է Tuttomercatoweb-ը՝ հղում անելով արաբական աղբյուրներին։

Աղբյուրի համաձայն՝ վերջերս «Նյուքասլը» առաջին առաջարկն է արել վրացի ֆուտբոլիստի համար՝ 95 միլիոն եվրո, և այժմ սպասում է «Նապոլիի» պատասխանին: Այնուամենայնիվ, չափազանց դժվար է պատկերացնել, որ իտալական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կընդունի դա, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ «Նապոլին» այժմ աշխատում է 22-ամյա ֆուտբոլիստի նոր երկարաժամկետ պայմանագրի վրա:

Հիշեցնենք, որ Կվարացխելիան «Նապոլի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ 2022/23 մրցաշրջանում Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը Ա Սերիայում իտալական ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 85 միլիոն եվրո։ Նախկինում 22-ամյա վինգերը ճանաչվել էր Իտալիայի առաջնության 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։