Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին» պայմանավորվել են Կայլ Ուոքերի տեղափոխության հարցում

Մյունխենի «Բավարիան» պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ անգլիացի պաշտպան Կայլ Ուոքերի տեղափոխության հարցում։ Այժմ կարիերայի հետագա զարգացման ընտրությունը մնում է խաղացողին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա պաշտպանը «Բավարիային» կարող է արժենալ 15 միլիոն եվրո։Մյունխենյան ակումբի ներկայացուցիչներն ու ֆուտբոլիստի գործակալներն արդեն համաձայնեցրել են պայմանագրի անձնական պայմանները։ Այս պահին միակ խոչընդոտը հենց Ուոքերի ընտրությունն է։ Բավարացիները ցանկանում են շուտով լսել ֆուտբոլիստի վերջնական որոշումը:

2022/2023 մրցաշրջանում Ուոքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 13 միլիոն եվրո: