ՊՍԺ-ի նախկին մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ակտիվորեն նոր աշխատանք է փնտրում։ Նրա ծառայություններով հետաքրքրված ակումբներից մեկը սաուդյան «Ալ-Շաբաբն» է, հայտնում է Footmercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 56-ամյա մասնագետի թեկնածության նկատմամբ բուռն հետաքրքրություն է ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբը։ «Ալ-Շաբաբն» արդեն սկսել է առաջին շփումները մարզչի հետ, և առայժմ բանակցությունները Գալտիերի հետ բավականին հարթ են ընթանում։ Սաուդյան Արաբիայի թիմին հաջորդ մրցաշրջանում ուժեղ մարզիչ է պետք, և Քրիստոֆը դեմ չէ այդ տեղափոխությանը:
Քրիստոֆ Գալտիեն գլխավորել է ֆրանսիական ակումբը 2022 թվականի հուլիսի 5-ին։ Նրա գլխավորությամբ «Պարի Սեն Ժերմենը» նվաճեց Լիգա 1-ի 11-րդ տիտղոսը, Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն դուրս մնաց «Բավարիայից»՝ չկարողանալով նվաճել բաղձալի գավաթը։ Նախկինում 56-ամյա մասնագետն աշխատել է «Նիցայում», իսկ մինչ այդ աշխատել է «Լիլում», «Սենտ Էտյենում» և ֆրանսիական այլ ակումբներում։