Դորտմունդի «Բորուսիայի» պայմանագիրը Ֆելիքս Նմեչայի հետ հատուկ կետ է պարունակում

Դորտմունդի «Բորուսիայի» պայմանագիրը Ֆելիքս Նմեչայի հետ հատուկ կետ է պարունակում՝ կապված սոց․ցանցերում ֆուտբոլիստի ակտիվության հետ, հայտնում է Wolfsburger Allgemeine Zeitung-ը։

Կետում ասվում է, որ եթե Նմեչան հրապարակի որևէ բան, որը հակասում է դորտմունդյան ակումբի արժեքներին, 22-ամյա ֆուտբոլիստը ստիպված կլինի վճարել 1 միլիոն եվրո տուգանք։

Բանն այն է, որ քրիստոնեական հավատքի կողմնակից Նմեչան նախկինում իր սոց․ցանցի հաշիվներից մեկում պարբերաբար հոմոֆոբ և տրանսֆոբ բովանդակություն էր տեղադրել։ Սա դրդեց «Բորուսիայի» շատ երկրպագուների քննադատել Նմեչայի տրանսֆերը, քանի որ նրա կարծիքը հակասում է «իշամեղուների» եվրոպական արժեքներին:

Կիսապաշտպանը ստիպված է եղել «Բորուսիայի» ղեկավարության և անձամբ Էդին Թերզիչի հետ բանակցություններում խոստանալ, որ չի խախտի արժեքները։ Խոստումը, ինչպես տեսնում ենք, ապահովված էր ֆինանսական երաշխիքով։

Հիշեցնենք, որ Նմեչան «Բորուսիա» է տեղափոխվել «Վոլֆսբուրգից» 30 միլիոն եվրոյի դիմաց: 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Անցած մրցաշրջանում Ֆելիքսը «գայլերի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: