Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեմայի հեռանալը կարող է ազդել ՊՍԺ-ի հարձակվող Մբապպեի՝ փարիզյան ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման վրա, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այդպես է մտածում ՊՍԺ-ի ղեկավարությունը։ Բենզեմայի հեռանալուց երեք շաբաթ առաջ Մբապպեի շրջապատի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները լավ էին ընթանում, նույնիսկ քննարկվում էր Մբապպեի մասնակցությունը Կատարում ներդրումային նախագծերին։
ՊՍԺ-ի համար անակնկալ է եղել հարձակվողի՝ պայմանագիրը չերկարաձգելու ցանկությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆրանսիացին համաձայնվել է հնգամյա պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով գումարած բոնուսներ։
2022/23 մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։