Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը ցանկանում է միանալ ՊՍԺ-ին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է AS-ը: Ըստ աղբյուրի՝ պորտուգալացին չի ցանկանում խաղալ «Ատլետիկոյում»:
Ֆելիշին հետաքրքրում է ֆրանսիական ակումբ տեղափոխվելու տարբերակը, քանի որ փարիզցիները բավարարում են նրա բոլոր պահանջները։ Թիմը խաղում է Չեմպիոնների Լիգայում և անընդհատ պայքարում է գավաթների համար։
ՊՍԺ-ի` Ֆելիշին ձեռք բերելու մտադրությունը կախված կլինի փարիզյան ակումբի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապպեի ապագայից:
«Ատլետիկոն» մտադիր է առնվազն 100 միլիոն եվրո ստանալ 23-ամյա հարձակվողի վաճառքից, սակայն ֆրանսիական թիմը կարող է վախենալ նման ծախսերից: Անցած մրցաշրջանի երկրորդ կեսում Ֆելիշը վարձավճարով հանդես էր գալիս «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում և դարձել չորս գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո: