Արթուր Սերոբյան․ «Կան առաջարկներ եվրոպական ակումբներից»

«Պրոֆֆուտբոլը» զրուցել է «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ հարձակվող, 19-ամյա Արթուր Սերոբյանի հետ։

– Արթուր, 2022/23 մրցաշրջանը որքանո՞վ էր ստացված քեզ համար։ Այն, ինչ սպասում էիր, արդարացա՞ն։
– Կարծում եմ, որ մրցաշրջանը ստացված էր ինձ համար, քանի որ կարողացա գոլեր խփել ավելի շատ, քան նախորդ մրցաշրջաններում, իսկ սպասելիքները չարդարացան, քանի որ մենք պայքարում էինք չեմպիոնության համար, ինչը չհաջողվեց

– Արդյո՞ք հեշտ էր մրցաշրջանի կեսից այլ թիմ տեղափոխվելը ու փորձել այդ թիմում հաստատվել։ «Արարատ-Արմենիայում» խաղային ի՞նչ ձեռքբերումներ ունեցար։
– «Արարատ-Արմենիայում» կա մեծ մրցակցություն և բոլոր ֆուտբոլիստները արժանի են մեկնարկային կազմում հանդես գալու։ Շնորհակալ եմ մարզիչներիս, որ վստահեցին ինձ։ Կարծում եմ, որ արդարացրի սպասելիքները։ Չնայած միշտ ավելացնելու տեղ կա։

– Չեմպիոնական պայքարը թեժ էր։ «Արարատ-Արմենիան» ևս պայքարում էր։ Ի՞նչը չբավականացրեց թիմին՝ չեմպիոն դառնալու համար։
– Մեկնարկային կազմի երեք պաշտպաններ վնասվածք ստացան։ Կարծում եմ, որ դա էլ խանգարեց մեզ՝ չեմպիոնության հասնելու համար, և կարևոր խաղերում չկարողացանք հաղթել մեր մրցակիցներին։

– «Ուրարտուի» չեմպիոնությունը սպասելի՞ էր մրցաշրջանից առաջ։
– «Ուրարտուն» լավ թիմ է, բայց սպասելի չէր մրցաշրջանից առաջ։ Նրանք լավ հանդիպումներ անցկացրեցին և հասան հաջողության։

– Այս մրցաշրջանը քեզ համար նշանավոր է նրանով, որ պարբերաբար հրավիրվեցիր ազգային ընտրանի։ Ի՞նչ կասես այս մասին։
– Շատ ուրախ եմ, որ հաստատվեցի «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում։ Լավ խաղեր անցկացնելով՝ հրավիրվեցի ազգային հավաքական։ Շատ մեծ պատիվ է ամեն անգամ հրավիրվել ազգային թիմ։ Այն միշտ նպատակ է։

– Հավաքականի մարզումներին կամ դրանից դուրս Պետրակովի հետ հաճա՞խ ես զրուցում։ Ի՞նչ խորհուրդներ է տալիս։
– Այո՛, զրուցում ենք մարզչի հետ։ Նա ինձ շատ խորհուրդներ է տալիս թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս, և դրանց միջոցով ես շարժվում եմ առաջ։

– Առաջիկա մրցակիցների մասին ի՞նչ կասես։ Որքանո՞վ է հավանական Ուելսի դեմ հաղթանակը։
– Ուելսը ուժեղ հավաքական է։ Ունեն լավ ֆուտբոլիստներ, բայց մենք պատրաստ ենք խաղալ մեր լավագույն խաղը և հասնել դրական արդյունքի։

– Ժամանակը չէ՞ արդյոք՝ եվրոպական որևէ ակումբ տեղափոխվելու։ Ունե՞ս առաջարկներ, թե՞ «Արարատ-Արմենիայի» մարզահագուստը կշարունակես կրել։
– Կան առաջարկներ եվրոպական ակումբներից, բայց դեռ հստակ բան չեմ կարող ասել։ Ժամանակի ընթացքում պարզ կլինի ամեն ինչ։