Եգոր Գլումով․ «Շատ եմ ուզում, որ Հենրիխ Մխիթարյանը նվաճի Չեմպիոնների Լիգայի գավաթը»

«Պրոֆֆուտբոլը» զրուցել է սիրված հաղորդավար Գոռ Գրիգորյանի (Եգոր Գլումով) հետ։

– Վերջերս ավարտվեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան։ Ունեի՞ք մրցաշրջանից առաջ սպասելիքներ առաջնությունից, եթե կային, արդյո՞ք արդարացան դրանք, թե՞ ոչ։
– Այս մրցաշրջանում դիտարժանությունը ավելի բարձր էր, քան նախորդինը։ Ես ուրախ եմ։ Նախավերջին տուրի գլխավոր հանդիպմանը մենք տեսանք, որ  մարզադաշտը բավականին լեցուն էր, և դա էլ է ուրախալի։ Իհարկե, տխրեցի, որ «Փյունիկը» չհաղթեց, չդարձավ չեմպիոն, բայց կդառնա։ Հույս ունեմ, որ բոլոր խնդիրները, որոնք կան «Փյունիկի» և ՀՖՖ-ի միջև, և բոլոր այն հարցերը, բազմակետերը ու չակերտները կպարզվեն, կլուծվեն, և բոլորս կմտածենք այն մասին, որ հայկական ֆուտբոլը առաջ է գնում։

– «Ուրարտուն» նվաճեց չեմպիոնությունը։ Սպասելի՞ էր նրանց չեմպիոնությունը։ Ի՞նչ կասեք «Ուրարտուի» մասին։
– Այո՛, նրանք ինը տարի սպասել են, թիմը աշխատել է, լավագույն ակադեմիաներից մեկն ունի։ Խնդիրը «Ուրարտուի» ու «Փյունիկի» չեմպիոնությունը չէ, խնդիրը այն է, որ կան բաներ, որոնք չեն գեղեցկացնում մեր ֆուտբոլը, ցավոք սրտի։

– Առջևում Հայաստանի ազգային հավաքականի հանդիումներն են։ Ի՞նչ սպասենք մեր ընտրանուց։
– Ի՞նչ սպասելիքներ երկրպագուն կարող է ունենալ, միայն հաղթանակ։ Հուսանք, որ այդ հաղթանակը կլինի, հուսանք, որ կկարողանանք Ուելսին դիմադրել ու կկարողանանք այնտեղ գոլեր խփել և հետո այստեղ կունենանք  հաղթանակ, որ կարողանանք պայքարել խմբում։

– Երկու օր անց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն է։ Ո՞ւմ չեմպիոնությանն եք հավատում և ինչո՞ւ։
– Իհարկե, շատ եմ ուզում, որ Հենրիխ Մխիթարյանը նվաճի Չեմպիոնների Լիգայի գավաթը։ Ցավոք սրտի, բացառիկ ռեկորդակիր չի կարող դառնալ (ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային բոլոր երեք մրցաշարերի հաղթող), Էմերսոնն այդ հարցը լուծեց, բայց սրտանց ուզում եմ, որ Հենրիխը հաղթի, բայց հասկանալի է, որ «Մանչեսթեր Սիթին» ավելի ուժեղ է, և, ըստ երևույթին՝ թրեբլ կձևակերպի։