Կարիմ Բենզեման առաջիկա օրերի ընթացքում կարող է լքել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ քննարկել է Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկը։

Ինչպես հաղորդում է Onda Cero-ի լրագրող Ալբերտո Պերեյրան, հարձակվողը Պերեսին հայտնել է, որ ստացել է տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկ:

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» չի խանգարի ֆուտբոլիստի հեռանալուն ու կընդունի նրա ցանկացած որոշում։ 35-ամյա ֆրանսիացին այս շաբաթ կարող է որոշում կայացնել իր ապագայի հետ կապված։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, որտեղ նրան երկու տարով պայմանագիր են առաջարկել՝ 200 մլն եվրո աշխատավարձով։

Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։