«Վալենսիան» պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղում (1:0) ռասիզմի դրսևորումների մասին։ Մադրիդցիների հարձակվող Վինիսիուսը խաղադաշտից հեռացվել է ավելացված ժամանակում՝ ծեծկռտուքին մասնակցելու համար: Բրազիլացին ասել է, որ ամբողջ խաղը ենթարկվել է երկրպագուների վիրավորանքներին։
Հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանությունը պարզել է երկրպագուի ինքնությունը, ով ռասիստական ժեստեր է ցույց տվել Վինիսիուսի նկատմամբ։ Ակումբը նաև աշխատում է ոստիկանության հետ՝ բացահայտելու հնարավոր այլ հանցագործներ:
«Վալենսիան» կարգապահական գործ է հարուցել, կկիրառի առավելագույն խստություն, ներառյալ ցմահ արգելքը մարզադաշտից ներգրավված երկրպագուների նկատմամբ:
«Ակումբը խստորեն դատապարտում է նման պահվածքը, որը տեղ չունի ֆուտբոլում և հասարակությունում և չի համապատասխանում «Վալենսիայի» և մեր երկրպագուների արժեքներին»,- ասվում է հայտարարության մեջ։