«Պրոֆֆուտբոլը» զրուցել է «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Արա Հակոբյանի հետ։
— Պարոն Հակոբյան, Դուք հանդես եք եկել «Ուրարտուի» կազմում, և այդ ժամանակ ևս պայքարում էիք չեմպիոնության համար «Փյունիկի» հետ մեկտեղ։ Այսօր Ձեր նախկին թիմը նույն «Փյունիկի» հետ մեկտեղ պայքարում է չեմպիոնության համար։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Մեզ սպասվում է շատ հետաքրքիր վերջաբան։ Իրոք, ծավալվել է շատ թեժ պայքար։ Ես գնահատում եմ 50/50 հնարավորությունները։ Կասկածից վեր է, որ չեմպիոնությունը կորոշվի«Փյունիկ» – «Ուրարտու» խաղում։
— Վերջերս թիմը պայմանագիրը երկարաձգեց գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հետ։ Ըստ Ձեզ՝ մրցաշրջանը ստացվա՞ծ էր Գունկոյի համար, թե՞ «Ուրարտուն» շտապել է այս հարցում։
— Մրցաշրջանն այնքանով է ստացված, որ թիմը Հայաստանի գավաթը նվաճեց և այժմ էլ պայքարում է չեմպիոնության համար։ Կարծում եմ, որ դա ակումբի նախագահի անձնական գործն է։ Իմ կարծիքով Գունկոն համապատասխանում է թիմին։ Խաղի որակից զգացվում է, որ կա թիմ, խաղային ձեռագիր, մարզիչ։
— Շատ հավանական է, որ չեմպիոնական հանդիպման ենք ականատես լինելու՝ «Փյունիկ» – «Ուրարտու»։ Ի՞նչ կասեք այս դիմակայության մասին։
— Միանշանակ չեմպիոնը կորոշվի «Փյունիկ» – «Ուրարտու» խաղում։ Սպասում եմ շատ հետաքրքիր, դիտարժան ֆուտբոլ։ Ցանկանում եմ երկու թիմին հաջողություն։ Թող սպորտային հաջողությունն ուղեկցի ուժեղ թիմին։
— Պարոն Հակոբյան, պատկերացնենք, որ Ձեր ժամանակի «Ուրարտուն» մրցում է այսօրվա«Ուրարտուի» դեմ։ Ո՞վ կհաղթի։
— Շատ դժվար հարց էր։ Շատ դժվար է պատասխանել այդ հարցին, բայց եթե նման հանդիպում լիներ, հետաքրքիր պայքարում կանցներ խաղը, իսկ թե՞ ով կհաղթեր, ոչ մեկ չի կարող ասել։ Ի վերջո, առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել «Ուրարտուին»՝ Հայաստանի գավաթակիր դառնալու կապակցությամբ։ Մաղթում եմ հետագա հաջողություններ, քանի որ«Ուրարտուն» միշտ իմ տեսադաշտում է՝ որպես հարազատ ակումբ։