Մարտին Էդեգոր. «Ճիշտն ասած, դժվար կլինի, եկեք իրատես լինենք»

«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը գնահատել է «զինագործների» Պրեմիեր Լիգան հաղթելու հնարավորությունները և ամփոփել 36-րդ տուրի խաղում «Բրայթոնից» (0:3) կրած պարտությունը։

«Այո, ճիշտն ասած, դժվար կլինի, եկեք իրատես լինենք։ Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» շատ սխալներ թույլ կտա: Մենք պարզապես պետք է վերադառնանք խաղադաշտ և լավ ավարտենք մրցաշրջանը: Կարծում եմ՝ բոլորն էին դրան արժանի, հատկապես՝ երկրպագուները։

Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, բարձր ճնշում գործադրեցինք և կարողացանք շատ պահեր ստեղծել: Բայց ընդմիջումից հետո խաղը մի փոքր փոխվեց, երբ մրցակիցը սկսեց ավելի շիտակ գործել, նրանց մոտ ամեն ինչ չափազանց հեշտ ստացվեց։

Հիմա չգիտեմ ինչու էր այդպես, ես պատասխաններ չունեմ։ Մենք շատ բաներ լավ արեցինք, բայց այս պահին մենք պարզապես հիասթափված ենք այն բանից, թե ինչպես է դա ավարտվել: Հիասթափությունը լավ նշան է, մենք պետք է շարունակենք աճել ու կատարելագործվել», – Էդեգորի խոսքերը մեջբերում է BBC-ն։