Մաիլսոն Լիմա․ «Եթե այդպես լինի՝ Հայաստանի հավաքականում կտեսնեք Լիմայի լավագույն տարբերակին»

«Պրոֆֆուտբոլն» այս անգամ հանդիպել և զրուցել է «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիմայի հետ.

– Լիմա, այս մրցաշրջանը Ձեզ համար լավագույնը չէր: Ի՞նչ պատահեց այս մրցաշրջանում:
– Այս մրցաշրջանում ես 3 անգամ վնասվածք ստացա, կորցրեցի գրեթե 4 ամիս։ Շատ անհաջող վնասվածքներ էին։ Հնարավոր է ունենալ այսպիսի մրցաշրջան:

– Երկար տարիներ խաղում եք «Արարատ-Արմենիայում»: Առաջիկա մրցաշրջանում Ձեզ կտեսնե՞նք հայկական թիմում և առհասարակ՝ Հայաստանո՞ւմ։
– 90%-ով համոզված եմ, որ չեմ մնա, այստեղ շատ լավ տարիներ եմ անցկացրել։ Հիմա ես նոր արկած եմ ուզում։ Բայց երբեք մի ասա երբեք, միշտ այդ 10%-ը կա։

– Ի՞նչ կասեք «Արարատ-Արմենիայի» չեմպիոն դառնալու մասին: Կկարողանա՞ թիմն այս տարի դառնալ Fatex Հայաստանի Պրեմիեր Լիգայի հաղթող:
– Թիմում մեր ունեցած որակով պետք է գոնե մինչև վերջին խաղը պայքարենք տիտղոսի համար։ Կարծում եմ, որ մենք լիգան հաղթելու մեծ հնարավորություններ ունենք:

– Ի՞նչ տվեց Ձեզ Հայաստանն այս տարիների ընթացքում:
– Երբ եկա Հայաստան՝ տաղանդավոր ֆուտբոլիստ էի համարվում: Այս չորս տարիների ընթացքում տաղանդը վերածեցի որակի, քանի որ շատ խաղեր եմ անցկացրել:

– Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի մասին։ Շուտով կավարտվի Ձեր 5-րդ մրցաշրջանը Հայաստանում, և այդ դեպքում կարող եք հրավեր ստանալ ազգային թիմից։ Մտածե՞լ եք այդ մասին։
– Երբեմն հայ թիմակիցներս կատակում են ինձ հետ, որ մեկ մրցաշրջան էլ մնամ, որպեսզի կարողանամ խաղալ ազգային հավաքականում, բայց՝ տեսնենք: Ես կհետևեմ իմ զգացողություններին մրցաշրջանի վերջում։ Ամենակարևորն այն է, որ ես երջանիկ եմ, եթե այդպես լինի: Հայաստանի հավաքականը միշտ խաղադաշտում կտեսնի Լիմայի լավագույն տարբերակին։