Արտակ Եդիգարյան․ «Հայաստանի հավաքականում պետք է ավելի շատ հնարավորություն տան երիտասարդներին»

PROFFOOTBALL-ը զրուցել է «Ալաշկերտի» 33-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի հետ։

– Արտակ, «Ալաշկերտն» այս պահին Fastex Հայաստանի Պրեմիր Լիգայում 4-րդ հորիզոնականում է։ Կարելի է ասել, որ թիմը գրեթե նվաճել է Եվրագավաթի ուղեգիրը, քանի որ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վանից» առաջ է 10 միավորով։ Ո՞րն է թիմի մոտիվացիան հետագա խաղերում։
– «Վանից» գտնվում ենք 10 միավոր առաջ, բայց դեռ ամեն ինչ որոշված չէ, քանի որ կա գավաթի եզրափակիչը։

– Ի՞նչ դրական փոփոխություններ եղան, երբ թիմը գլխավորեց Վահե Գևորգյանը։
– Վահե Գևորգյանի գլխավորությամբ «Ալաշկերտում» շատ բան է փոխվել դեպի լավը, փորձում ենք ամեն խաղի պատրաստվել յուրովի, կարծես եզրափակիչ լինի մեզ համար երրորդ հորիզոնականի պայքարը։

– Դուք երկար տարիներ է Հայաստանում եք խաղում։ Այս ընթացքում ունեցե՞լ եք առաջարկներ եվրոպական թիմերից, և կարող եք ասել, թե ո՞ր թիմերից։
– Խաղացել եմ Ուկրաինայում և Լիտվայում, բնականաբար եղել են եվրոպական տարբեր թիմերից առաջարկներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն եղել, իսկ թե որ ակումբներից են եղել այդ առաջարկները, չեմ կարող հիշել։

– Դուք 33 տարեկան եք, և ցավոք, Ձեր կարիերայի մայրամուտին եք մոտենում։ Կտեսնե՞նք Ձեզ կրկին ֆուտբոլում, օրինակ, մարզչի կարգավիճակով։
– Ես հասկանում եմ, որ իմ վերջին տարիներն եմ անցկացնում ֆուտբոլում և իմ առավելագույնն եմ ներդնում խաղադաշտում, որպեսզի չզղջամ, որ կարող էի անել, բայց չեմ արել։ Ֆուտբոլում կլինեմ, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց ոչ մարզչի կարգավիճակով։

– Հայաստանի հավաքականի մասին ի՞նչ կասեք։
– Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականում պետք է ավելի շատ հնարավորություն տան երիտասարդներին, որպեսզի խաղից խաղ վստահություն գա իրենց։

– Հայ ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն եք։ Ի՞նչ խորհուրդ կտաք պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստներին։
– Խորհուրդ կտամ երբեք չընկճվել ու միշտ շարժվել առաջ։ Պետք է լինել շատ աշխատասեր՝ իրենց երազանքներին ու նպատակներին հասնելու համար։