Fastex Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են պայմանագիրը մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2024 թվականի մայիսի 31-ը: Եղիշե Մելիքյանի հետ միասին երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը:
Մեր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում հայ մասնագետն աշխատում է 2021 թվականի հունվարից: Մեր թիմին Եղիշե Մելիքյանն առաջնորդել է հոբելյանական՝ 15-րդ չեմպիոնության Հայաստանի Պրեմիեր լիգայում և արժանացել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին: 2022 թվականին «Փյունիկը» Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ հաջողություններ գրանցեց՝ հաղթահարելով Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլը ու գրանցելով հայկական թիմերի շրջանում առաջին հաղթանակը եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում, որտեղ մեր թիմը նաև շատ մոտ էր փլեյ-օֆֆ դուրս գալուն։ Փորձառու մասնագետը «Փյունիկի» ղեկին, ընդհանուր առմամբ, անցկացրել է 90 հանդիպում, հաղթել 51 խաղում, 16 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 23 պարտություն», նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: